«Իրավունք de facto» ակումբում օրերս կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում` «Ղարաբաղյան շարժում. երեկ, այսօր, վաղը» թեմայով։ Մասնակցում էին Հայաստանում ինտերնետային գործունեություն ծավալող մի քանի բլոգերներ, իսկ հիմնական բանախոսը ղարաբաղյան շարժման գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ էր։
ՍԿԻԶԲ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆ
Կլոր սեղանի անցկացումը պարոն Մանուչարյանն այն առումով կարևորեց, որ մասնակիցները ներկայացնում են ազատ տեղեկատվական տարածք: Միաժամանակ գոյություն ունեն պետական, ազգային, հասարակական կարևորության խնդիրներ, որոնք չեն լուսաբանվում այլ տեղեկատվական համակարգերում, մինչդեռ դրանք նորովի շարադրման և մեկնաբանման կարիք ունեն։ Անդրադառնալով ղարաբաղյան շարժման սկզբնավորմանը` Մանուչարյանը մասնավորապես նշեց. «Վերջին տարիների հրապարակումներն ապացույց են այն բանի, որ ղարաբաղյան շարժման էությունը մոռացված է։ Կան շատ ուժեր, խմբեր, որ կցանկանային այն մոռացության տալ, քանի որ այդ հիշողությունը խանգարում է պահպանել այն կեցությունը, այն արժեքները, որոնք այսօր առկա են, իսկ 88-ի իրողություններն ուղղակի սպառնալիք են այսօրվա կյանքի ողջ փիլիսոփայության, ողջ դրվածքի համար, իսկ դրանք մշտապես հիշեցնում են մարդկանց, որ կան այլ սկզբունքներ, այլ նպատակներ, այլ կյանք»:
Ղարաբաղյան շարժման ամենակարևոր ձեռքբերումն Աշոտ Մանուչարյանը համարեց ձևավորված մթնոլորտը, որը նոր կյանքի, մարդկային նոր էության արտաքին դրսևորումն էր: Նրա կարծիքով, հայությունն այդ ընթացքում ունեցավ աննախադեպ ձեռքբերում։ «Մենք ստացանք մի բացառիկ բան, որ չի եղել մեր պատմության որևէ հանգրվանում։ Մեկ ակնթարթում ձևավորվեց երկրի, ժողովրդի այնպիսի որակ, որը ֆանտաստիկ էր բազմաթիվ առումներով: Դարերով մարդիկ երազում էին հասնել մի այնպիսի կյանքի, որ ներդաշնակություն ապահովի թե՛ հասարակության ներսում, թե՛ ամեն մարդու մեջ: Սրա փնտրտուքներով են ողողված թե՛ աշխարհի, թե՛ մեր ժողովրդի փիլիսոփայական ու կրոնական միտքը, երգն ու գրականությունը, դիցաբանությունն ու առասպելները: Թե՛ աշխարհում, թե՛ մեզ մոտ եղել են առանձին ձեռքբերումներ այս խնդրում՝ առանձին մարդիկ, առանձին խմբեր, համայնքներ, միաբանություններ: Սակայն այդպիսի երևույթ, որ մի ամբողջ երկիր, մի ամբողջ ժողովուրդ, փաստորեն, մեկ ակնթարթում ձեռք բերի այդպիսի մի վիճակ, աննախադեպ էր: Ոմանք կարծում են, որ այս որակի ձևավորման մեխանիզմը Ղարաբաղի խնդիրն էր: Սակայն այդպիսի խնդիր առկա էր նաև Ադրբեջանում, և ոչ պակաս հզոր հանրահավաքներ անցնում էին և այնտեղ: Սակայն այստեղ առաջնորդողը կիրքն էր, և չկար որևէ զուգահեռ հայաստանյան իրականության հետ: Ոմանք ասում են, թե դա անկախությունն էր, ժողովրդավարության, անկախության ձգտումները, սակայն ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում եղան նման շարժումներ, իսկ Մերձբալթիկան, անկասկած, ավելի նախապատրաստված էր անկախության ու գնում էր այդ ուղղությամբ անհամեմատ հստակ, հաշվարկված քայլերով, քան մյուս հանրապետությունները։ Բայց այն որակը, էներգետիկ լիցքը, որ եղել է Հայաստանում, չի եղել ոչ մի տեղ։ Դրա շնորհիվ մենք տարանք երկրաշարժի ծանրությունը, երբ զարմացած աշխարհը գրանցում էր, որ, ի տարբերություն մոլորակի ամենատարբեր կետերում տասնյակ և հարյուրավոր նման այլ աղետների, թալանի ոչ մի դեպք չգրանցվեց։ Այդ լիցքի շնորհիվ Հայաստանը դիմացավ ԽՍՀՄ փլուզմանը, տնտեսական համակարգի կործանմանը, Ադրբեջանից հարյուր հազարավոր փախստականների հոսքին, կարողացավ, բոլոր թերություններով հանդերձ, նոր անկախ պետության համակարգ կառուցել և, այդ ամենին զուգահեռ, հաղթել նաև ղարաբաղյան պատերազմում:
ՈՒրեմն, այնուհանդերձ, ի՞նչը հանգեցրեց այդ որակների ձևավորմանը: Միգուցե Ազատության հրապարա՞կը: Այդ հրապարակի մասին արժե հատուկ խոսել: Խոր անցյալում եկեղեցիների կառուցումը հատուկ արվեստ էր: Ոչ թե եկեղեցին կառուցվում էր և դառնում սրբավայր, այլ հակառակը: Սկզբում հատուկ շնորհներով օժտված մարդիկ՝ եկեղեցու շինարարները, հայտնաբերում էին սրբավայրը, որն առանձնանում էր միայն իրենց հայտնի մթնոլորտով, և հետո նոր այդ սրբավայրում կառուցում եկեղեցի: Կարծես այդ նույն սկզբունքով կառուցված լինեին Օպերայի շենքը և նրա հրապարակը: 88-ին այնտեղ տիրում էր աննախադեպ ջերմություն: Այդ ջերմությունը ստեղծվում էր մասնակիցներով, կլանում ողջ հրապարակը և տարածվում երկրով մեկ, աշխարհով մեկ: Արձագանքում էին, փաստորեն, ողջ հայությունը, նաև հազարավոր այլազգիներ: Հանրապետությունում հարյուր անգամ նվազել էր հանցագործությունների թիվը: Փաստորեն, հանցագործություն չէր կատարվում: Մարդիկ, որ մինչ այդ, տարեցտարի ավելի շատ, դրսի եղած-չեղածը տուն էին տանում, կարևորելով ամենից առաջ իրենց անձն ու ընտանիքը, այդ օրերին և ամիսներին ամեն ինչ կրում էին տնից դուրս՝ ողջ Հայաստանը ձևավորելով որպես իրենց նոր ընտանիք, հոգու նոր աշխարհ: Եթե որևէ մեկն իրեն վատ էր զգում, որևէ բան էր պատահում, արձագանքում էր ողջ հրապարակը: Ցանկացած խնդիր առաջանալիս՝ լիներ դա օգնություն փախստականներին, Ղարաբաղի ճշմարտությունը մոլորակի այս կամ այն ծայրը հասցնելուն, որևէ անարդարություն երկրում վերացնելուն, որևէ նոր գաղափար իրականացնելուն, անմիջապես ձևավորվում էին տասնյակ խմբեր, արձագանքում էին հազարավոր մարդիկ: Ի՞նչը հանգեցրեց այս ամենի ձևավորմանը: Այս հարցն առայժմ պատասխան չունի: Իսկ պատասխանը խիստ կարևոր է: Որովհետև համամոլորակային փնտրտուքում մենք միակն ենք, որ տեսել ենք` այս բանը հնարավոր է: Եվ մնում է միայն պատասխանենք, թե ինչպես»։
ԵՐԲ ՍԿՍՎԵՑ ԱՆԿՈՒՄԸ
Բանախոսը կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան շարժման ալիքը, նրա տարերայնորեն՝ ավելի շատ զգացմունքների, քան բանականության հարթությունում ձևավորված գաղափարախոսությունը չի կորսվել, թեպետ աստիճանական ու անշեղ անկում է ապրել մինչև մեր օրերը։ «Ե՞րբ սկսվեց անկումը» հարցին Մանուչարյանը պատասխանեց. «Երբ շարժումը հաղթանակեց ու եկավ իշխանության, կատարվեց մի հանցագործություն, որից մարդիկ չեն կարողանում խուսափել հազարամյակներով, թեկուզ և անդադար զգուշացվել են՝ «Նոր գինին չի կարելի լցնել հին տիկերի մեջ»: Ֆորմալ իմաստով բոլորիս համար կարծես պարզ էր, թե ինչպիսի երկիր ենք կառուցելու։ Աշխարհով մեկ հնչում էր հզորագույն կանչը՝ ժողովրդավարական կառավարում` իշխանության թևերի լիազորությունների հստակ տարանջատումով, շուկայական տնտեսություն, ազատություններ և այլն, և այլն։
Բայց սա ընդամենը հաղթած Արևմուտքից առաքվող սոսկ կաղապարներն էին այն գործընթացների, որոնց շնորհիվ այդ նույն Արևմուտքն աննախադեպ հաջողությունների էր հասել քաղաքականության, տնտեսության, ռազմական բնագավառներում: Սակայն այդ հաջողությունների դարաշրջանը մոտենում էր ավարտին, որովհետև հասարակության կյանքի կազմակերպման մշակված մեխանիզմները կորցնում էին իրենց արդյունավետությունը, իսկ ինչպիսին պետք է լինեին նորերը, առայժմ չէր երևում: Մյուս կողմից` ակնհայտորեն ուրվագծվում էր այդ դեղատոմսերի ազդեցությունն այլ մշակույթի տեր երկրներում:
Եվ ահա մենք ինքներս մեր աննախադեպ ձեռքբերումը, մեր ներդաշնակ դարձած երկիրը որոշեցինք խցկել Արևմուտք` բացարձակ ոչ համապատասխան այդ կաղապարի մեջ: Փոխանակ փնտրեինք և գտնեինք այն, ինչ մոլորակի ինչ-ինչ առումներով առաջատար երկրները, նրանց ժողովուրդները սկսեցին գիտակցել և փնտրել միայն այսօր՝ լայնածավալ ճգնաժամի աղետից հետո: Հնչեցին կարգախոսներ, որոնք հիմնովին հակասում էին ոչ միայն ձևավորվող նոր արժեհամակարգին, այլև հազարամյակների ավանդույթով հաստատված արդարության հիմնարար սկզբունքներին:
Օրինակ, «շուկայական տնտեսության պայմաններում, ինչպես զարգացած այլ երկրներում, Հայաստանում էլ կկայանան 40-50 հարուստ ընտանիքներ, որոնք կտիրապետեն արտադրության հիմնական միջոցներին, աշխատանքով կապահովեն և կապրեցնեն մյուսներին» մտածելակերպը հանգեցրեց նրան, որ Շարժման առանձին առաջնորդների շուրջ սկսեցին գոյանալ խմբավորումներ, որոնց միջև մրցակցություն ծավալվեց, թե ում խումբն է կազմելու այդ 40-50 ընտանիքը: Ընդլայնվելով և ներքաշելով նորանոր մարդկանց, ավելի ու ավելի արատավոր միջոցների դիմելով, սույն պայքարը շարունակում է ապականել երկիրը մինչ այսօր»։
Աշոտ Մանուչարյանի կարծիքով` Հայաստանն այդ փուլում շատ ավելի մեծ ձեռքբերումների էր պատրաստ, եթե չլիներ ղարաբաղյան շարժման լիցքի աստիճանական կորուստը։ Սա արդեն ղարաբաղյան շարժման երկրորդ, անկումային փուլն էր, որը շարունակվում է մինչ այսօր։ Քանի որ «անկմանը զուգորդվող խորթ որակները՝ անօրինություն, շորթումներ, պետական ունեցվածքի յուրացում, արդարություն փնտրողների հալածանքներ, տարածվեցին նաև շարժման առանձին առաջնորդների, գործիչների վրա։ Դա շարժման էությունը նենգափոխողներին հիմք տվեց պնդելու, որ ի սկզբանե կեղծիքն առկա էր այդ մարդկանց մեջ, և եղածը ոչ թե սխալմունքի հետևանք էր, այլ սկզբնապես նախապատրաստված դավադրություն: Այս պնդումները ոչ մի կապ չունեն իրականության հետ: 88-ը ոչ թե ոչնչացրեց մարդկանց մեջ մինչ այդ եղած բացասականը, այլ բարձրացրեց ամենքին՝ ստիպելով դրսևորել իրենց մեջ եղած լավագույնը և նույնացնելով ամենքին այդ լավագույնի հետ:
Ի դեպ, չնայած շարժման առանձին առաջատարների անօրինությանը, եթե վերցնենք Հայաստանի այսօրվա ամենահարուստ մարդկանց ցուցակը, փաստ է, որ առաջին շրջանի գործիչներից ոչ մեկը չկա այդ ցուցակում»։
ԳԻՏԱԿՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ` ղարաբաղյան շարժման գաղափարախոսությունն առայսօր կա և պահպանում է իր ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա։ «Պարզապես այդ լիցքը, 15 տարուց ավելի է, վերածվել է իշխանափոխության պահանջի։ Մարդիկ նույնացնում են առկա անարդարությունները տվյալ պահի ղեկավարների հետ և համարում, որ եթե իշխանափոխություն տեղի ունենա, օրվա կառավարողները հեռանան, կյանքը կփոխվի։ Մի կողմից, դա ճիշտ է, քանի որ եթե հիշենք հնագույն իմաստությունները, ապա, ըստ չինական ավանդույթի` «Կայսրը և միայն կայսրն է որոշում դարաշրջանի էությունը», բայց Չինաստանում կայսրը Երկնքի որդին էր, «աստվածային էակ» և քիչ ընդհանրություններ ուներ ժամանակակից աշխարհի կառավարիչների հետ, որոնք այսօր էապես ավելի քիչ բան են որոշում մարդկանց կյանքում: Մյուս կողմից` անցած ժամանակահատվածում Հայաստանում բարձրագույն իշխանության մակարդակում առնվազն 5-6 անգամ փոփոխություն է կատարվել, բայց կյանքը, ինչպես տեսնում ենք, չի փոխվել։ Այդ դեպքում ո՞վ կամ ի՞նչն է իշխում կյանքում, ի՞նչը պետք է փոխել` այս ամբողջ անօրինությանը վերջ տալու համար:
Այս և բազմաթիվ նման հարցերի պատասխաններ փնտրում և տալիս են մի շարք անհատներ, խմբեր և խմբավորումներ: Վերջին մեկ-մեկուկես տարում վերջիններիս թիվն այնքան է ավելացել, որ ձեռք է բերել մի նոր որակ, ինչը թույլ է տալիս խոսելու շարժման նոր գիտակցման փուլի մասին: Այդ գործառույթը, որ 88-ից սկսած այդքան անհրաժեշտ և այդքան թերի էր մնում բոլոր այս տարիներին, այսօր իրականություն է դառնում: Եվ արդեն նրանց համար հստակ է, որ իշխում են երկրում արժեքները: Բայց ո՞վ է դրանք ձևավորում: Մի՞թե իշխանավորները, բարձրագույն իշխանությունը: Բացառությամբ առանձին առասպելական դեպքերի` վերջիններս, որպես կանոն, ողջ մոլորակի վրա ընդամենը պահապանն են, վերահաստատողն արդեն ձևավորված արժեհամակարգերի: Այդ դեպքում ո՞վ է նորի ձևավորողը, ավելի ճիշտ՝ նոր պայմաններին համապատասխան հնից եկող արմատական սկզբունքների վերաձևակերպողը: Եվ ձևակերպվում է արդեն պատասխանը: Ընտրանին, իրական ընտրանին, որը ոչ միայն ձևակերպում, այլև իր մեջ կրում է այդ սկզբունքները, ապրում դրանցով: Ի տարբերություն «ընթացիկ» ընտրանու, որը պահապանն ու վերահաստատողն է արդեն հնացած, արատավորված, երկիրն ու ժողովրդին քայքայող արժեքների:
Իսկ որտե՞ղ է այդ իրական ընտրանին, ինչպե՞ս գտնել նրան: Այսօր վերը նշված իմաստավորումն իրականացնող մարդիկ և խմբերը սկսել են անցնել կոնկրետ նախագծերի մշակման և իրականացման: Նախորդ հարյուրամյակի 70-ականների վերջին Արևմուտքի ամենաազդեցիկ մտավոր կենտրոններից մեկը` «Հռոմեական ակումբը», հրապարակեց ուսումնասիրություն, ուր կանխատեսված են ներկայիս տնտեսական, ռազմական, էկոլոգիական, քաղաքակրթական ճգնաժամերը. որպես եզրակացություն նշվում է, թե կործանումից խուսափելու համար պետք է փոխել մարդկային որակները։ Եվ այսօր Բրազիլիայից մինչև Ռուսաստան, Ղազախստանից մինչև Կանադա այդ փնտրտուքն է` նոր գաղափարների, մարդկային գործունեության, ինքնակազմակերպման նոր ձևերի փնտրտուքը։ Հայաստանի իրական ընտրանին նրանք են, ովքեր մասնակից են սույն փնտրտուքի, ովքեր, գիտակցելով իրականությունը, զգալով գալիքի հրամայականները, ծրագրեր են մշակում պետական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ և իրականացնում, դրանով ձևավորելով ու հաստատելով նոր մշակույթ, նոր արժեքներ, նոր Հայաստան, նոր հայություն, նոր աշխարհ: Եվ շատ կարևոր է, որ այդ փնտրտուքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդությունն է: Արդեն առկա են մի շարք մշակվող և անգամ իրականացվող ծրագրեր, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին:
Ասենք` հայության միավորումը որպես նոր և միակ Հայաստան։ Ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստան, ներառելով ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված իր բոլոր քաղաքացիներին, դրանով իսկ տեր դառնալով բացառիկ հնարավորությունների։ Այս Հայաստանում չկան ո՛չ օլիգարխներ, ո՛չ անօրեն իշխանավորներ, ո՛չ հարստությունն Աստված հռչակած խելակորույս զանգվածներ: Երիտասարդները, որոնք Երևանում և Փարիզում, Բրյուսելում և Վաշինգտոնում նախաձեռնողն են դարձել այդ նոր Հայաստանի, թե՛ իրենց ծրագրերով, թե՛ արդեն նաև գործողություններով, շատ արագ այնպիսի որակներ կհաղորդեն նրան, որ կկարողանանք խոսել արդեն ոչ թե Արցախյան շարժման չորրորդ փուլի մի նոր հանգրվանի, այլ որակապես մի նոր երևույթի մասին, որն իր անվանումը կունենա»:
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԼՈՒԾՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ, ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՄԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ»
Խոսելով իրական ընտրանու կողմից արծարծվող հարցերի, ծրագրերի մասին` Մանուչարյանը բարձր գնահատական տվեց Կովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ իրականացվող ուսումնասիրություններին, նախագծերին, քայլերին: Այն, որ այդ ծրագրերում ղարաբաղյան հիմնախնդրի և առհասարակ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը տեսնում են կովկասյան պետությունների միջև համագործակցության հաստատմամբ, ընդհուպ մինչև միասնական կառավարման կառույցների ստեղծումը` յուրաքանչյուր պետության պետական անկախության պահպանումով, այսպես ասած, որպես Կովկասյան եվրամիության մոդել, նա գնահատեց որպես հին մոտեցումների նոր ձևակերպում:
Բանախոսը պնդեց, որ դեռևս 1990-ականների սկզբին պարզ դարձավ, որ Կովկասը հանգուցային կետ է գլոբալ մրցակցության իրավիճակում. «Մրցակցության հիմնական դերակատարների զարգացման տեմպերն էապես կախված են Եվրասիայի տարածքում իրականացվող բեռնափոխադրումներից: Այդ բեռնափոխադրումները խորքային Չինաստանի, Եվրասիայի այդ հատվածի, արագ զարգացող այլ տնտեսությունների և Եվրոպայի միջև իրականացվում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի տարածքներով անցնող կոմունիկացիոն համակարգերով: Այդ կոմունիկացիաների ցանկացած խափանում, ցանկացած դժվարություն, վճարումների համակարգի կամայական փոփոխություն կարող են հանգեցնել գլոբալ մրցակցության մեջ այս կամ այն երկրի դիրքերի թուլացմանը, տնտեսական զարգացման տեմպերի անկմանը: Եվ այս ամենն այն պարագայում, երբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը գլոբալ քաղաքականության մասնակից են, իսկ Թուրքիան` սեփական բարձր հավակնություններն ունեցող, միևնույն ժամանակ, գլոբալ խաղի մասնակից Միացյալ Նահանգների և Բրիտանիայի դաշնակից երկիր: Այս պարագայում խաղացողների «կախյալ» խումբը (Եվրոպա, Չինաստան…) փնտրում է ճանապարհներ` հնարավոր կամայական թելադրանքներից խուսափելու, մինչդեռ հնարավոր թելադրողների խումբը (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա…) ձգտում է պահպանել թելադրանքի հնարավորությունները: Եվ այստեղ բոլորի ուշադրությունը սևեռվում է եվրասիական մայրցամաքի միակ չեզոք միջանցքի կիզակետի՝ Կովկասի վրա: Բոլորը ցանկանում են թելադրող լինել այս հատվածում, փաստացի տիրանալ նրան: Շատ պրոբլեմներ, ճգնաժամեր, նրանց՝ իբր կարգավորմանն ուղղված գործառույթներ, մեխանիզմներ ոչ այլ ինչ են, եթե ոչ այդ իշխանությունն իրականացնելու ճանապարհին հզորների բախումների արգասիք: Եվ եթե մի պահ տարածաշրջանի ժողովուրդները գիտակցեին այս ամենը, նրանք նաև կտեսնեին իրենց հնարավոր միասնականության դեպքում բոլորի համար խիստ էական և շահեկան վիճակը: Չէ՞ որ երկրաքաղաքական և երկրատնտեսական հարթությունում Կովկասը, բնականորեն կոմունիկացիոն կտրվածքով Եվրասիայի համար նույնն է, ինչ Շվեյցարիան Եվրոպայի համար` քաղաքական և ֆինանսական կտրվածքով: Այսինքն, եթե ինչ-որ ձևով իրականացվի միասնական Կովկասի ձևավորումը, ապա գլոբալ մրցակցության բոլոր երկրները ձգտելու են նրա հետ ունենալ լավագույն հարաբերություններ, երաշխավորել նրա անվտանգությունը և հաստատել նրա հետ հնարավորինս խոր, բազմաշերտ կապեր:
1992-94 թվականներին սրա գիտակցումը կար Կովկասի ամենատարբեր կետերում, այդ թվում` Հայաստանում: Վրաստանը և Ադրբեջանը, մի կողմից` փորձելով խուսափել իրենց երկրների տրոհումից` փաստացի բազմաճակատ քաղաքացիական պատերազմների պայմաններում, մյուս կողմից` գիտակցելով վերը նշված իրողությունները, փաստորեն, պատրաստ էին թե՛ իրենց երկրների ֆեդերատիվ-կոնֆեդերատիվ կառուցվածքի ձևավորման, թե՛ Հայաստանի հետ Կովկասյան միություն (Եվրամիության նմանակով) կազմելու: Այս ամենն այն ժամանակ խափանվեց ԱՄՆ-ի կոշտ միջամտության պատճառով: Միգուցե այդ միջամտությունը հետևանք էր այն բանի, որ առկա գործընթացներն Ամերիկան գնահատեց որպես ռուսաստանյան նախագիծ: Սակայն` հազիվ թե: Քանի որ այդ ժամանակ գործընթացներում առավել ակտիվ էր Հայաստանը, իսկ բզկտված վերնախավով, պալատական անվերջ ինտրիգների զոհ դարձած Ռուսաստանին գնահատել որպես հնարավոր կամքի կենտրոն, մեղմ ասած, չափազանցություն կլիներ: Բավական է միայն հիշել, որ 1994 թվականին միայն Թբիլիսիի վրա իշխանություն ունեցող Շևարդնաձեին հաջողվեց Ռուսաստանից կորզել ռազմական օգնություն՝ նրա իսկ տրամադրած զինվորական ստորաբաժանումներով ջախջախել սեփական քաղաքական հակառակորդներին Վրաստանի ամբողջ տարածքում, վերականգնել երկրի կառավարելիությունը և դրանից անմիջապես հետո թշնամական վերաբերմունք որդեգրել Ռուսաստանի նկատմամբ՝ ստրատեգիական համագործակցություն ձևավորելով Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ:
Ինչևէ, ինչպիսին էլ լինեին ԱՄՆ-ի քաղաքականության հիմնավորումներն այն տարիներին, նրա գործողությունները հանգեցրին կովկասյան ինտեգրացիայի և կովկասյան պետությունների՝ իրենց ժողովուրդների համար քիչ թե շատ ընդունելի կառուցվածքի ձևավորմանն ուղղված ճիգերի ձախողման»:
Ըստ Աշոտ Մանուչարյանի, կովկասյան համագործակցության ձևավորումը ձեռնտու է լինելու տարածաշրջանի բոլոր պետություններին։ «Տարածաշրջանը խիստ հակասական է, այստեղ ապրող ժողովուրդները միմյանց նկատմամբ թշնամանում և արյուն են հեղում, բայց միաժամանակ շատ ընդհանուր գծեր ու նպատակներ ունեն, որոնց շուրջ հնարավոր է պայմանավորվել։ Հյուսիսային Կովկասը խիստ անկայուն է, և Ռուսաստանը չի կարողանալու այն հանդարտեցնել։ Մինչդեռ, եթե Հարավային Կովկասի պետությունների միջև ձևավորվի համագործակցություն, հենց դա կարող է հիմք դառնալ Հյուսիսային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման։ Ես կարծում եմ, որ ճիշտ են նրանք, ովքեր համարում են, թե հնարավոր է դրան հասնել Հարավային Կովկասի 6 պետությունների, 3 ճանաչված և 3 կիսով չափ ճանաչված երկրների մասնակցությամբ։ Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԼՂՀ-ի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին է։ Թե ինչպիսի տեսք կստանա Կովկասյան Միությունը, ինչ կոնֆեդերատիվ կամ այլ տիպի հարաբերություններ կստեղծվեն մասնակիցների միջև, գործընթացի խնդիրն է: Ակնհայտ է մեկ բան, որ թե՛ արցախյան, թե՛ հայտնի և ոչ այնքան հայտնի կովկասյան բոլոր կոնֆլիկտների լուծման համար սա լավագույն լուծումն է: Հայաստանն այս համատեքստում շատ մեծ հնարավորություններ ունի, որովհետև հայերը Կովկասում միշտ հանդես են եկել իբրև ինտեգրող գործոն։ Կովկասյան բոլոր սուբյեկտների առաջնորդները, սկսած Ջոհար Դուդաևից, վերջացրած Հարավային Օսիայի կամ Աբխազիայի լիդերներով, իրենց խնդիրները տարբեր կողմերի հետ լուծել են հայերի միջոցով։ Իսկ Հյուսիսային Կովկասի, Վրաստանի հայկական համայնքները լրացուցիչ լուրջ ներուժ են, որպեսզի Հայաստանն այս ուղղությամբ նախաձեռնող լինի»։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ